ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայկական ֆիլմերը` կոմերցիոն և հեղինակային իրավունքների հորձանուտում

Հայկական ֆիլմերը` կոմերցիոն և  հեղինակային իրավունքների հորձանուտում
10.06.2014 | 11:28

«Իրատես de facto»-ն իր նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ հայկական հեռուստաալիքներով «Ինչու է աղմկում գետը» ֆիլմը ցուցադրվում է ռուսերեն տարբերակով: Ավելի ստույգ` ֆիլմը հայերեն է, ռուսերեն են ծանուցումները, իսկ գլխավոր հերոսը՝ Արմենը, հայտնի տեսարանում Սեդայենց տան պատին ածուխով գրում է ռուսատառ՝ Седа: Հանրային, հեռուստատեսությունից ի պատասխան մեր հարցման ասացին, որ թվայնացնելիս ֆիլմի ռուսերեն ժապավենն են մաքրել և սխալմամբ այդ օրինակն են փոխանցել իրենց: Տեխնիկական խնդիր է եղել, որն արդեն շտկվել է: Սակայն հրապարակումից հետո մեզ տեղեկացրին, որ ֆիլմը շարունակում է շրջանառվել վերոնշյալ տարբերակով:
Փորձեցինք որոշակի պատասխան ստանալ «Հայֆիլմի» իրավահաջորդից` «Գաֆէսճյան» հիմնադրամից: Այստեղ մեզ ասացին, որ տվյալներ փոխանցել չեն կարող: Որևէ պատասխան ստանալ չհաջողվեց:
Հարկ է նշել, որ ստեղծված շփոթը միայն «Ինչու է աղմկում գետը» ֆիլմին չի վերաբերում: Խոտաններ կան նաև այլ ֆիլմերում: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ խնդրեցինք պարզաբանել` գործ ունենք աննշան վրիպակի՞ հետ, թե՞ հրատապ լուծում պահանջող խնդրի: Նա նշեց, որ երևույթն անթույլատրելի է. «Դա ըստ էության հեռուստաընկերության և «Գաֆէսճյան» հիմնադրամի խնդիրն է, երկուսն էլ պետք է պատասխան տան: Որովհետև, եթե հեռուստատեսությամբ ցուցադրվել է, ուրեմն գնել են ցուցադրման իրավունքը, պայմանագիր են կնքել: Նայած ի՞նչ պայմանով են տրամադրել ֆիլմը. նշվա՞ծ է պայմանագրի մեջ լեզուն, ժամը, նշվա՞ծ է` խախտման դեպքում ինչ պատասխանատվություն է կրում խախտող կողմը, կրիչը տվե՞լ են, թե՞ իրենց ունեցածն են օգտագործել: Թեև ես ավելի քան համոզված եմ, որ ովքեր թվայնացրել են, նրանք էլ տվել են այդ տարբերակը»: Գևորգ Գևորգյանը, նշեց, որ ժամանակին հանձնախումբ են կազմել, նայել են որոշակի թվով ֆիլմեր ու արձանագրել, որ մեծ մասամբ խոտան է: «Ի՞նչ եղավ դրանից հետո: Հիմա այդ նույն խոտանը եթեր են տալիս հեռուստատեսությամբ: Կոմերցիոն իրավունքն իրենցն է, բայց մենք էլ պետք է հետևենք ու պահանջենք: Որպես հեղինակ կարող ենք բողոքարկել և տուգանել, բայց...»: Այստեղ մի բայց կա. կինոկենտրոնի տնօրենը նշում է, որ չեն կարող վերահսկել: Չկա կառույց, որը ամբողջ 24 ժամ կհետևի, թե բոլոր հեռուստաալիքներով ինչ հայկական ֆիլմեր են ցուցադրվում, ինչ ձևի, ինչ որակի: Կայքերի մասին էլ չենք ասում: Գևորգ Գևորգյանի համոզմամբ` խնդիրը պետք է կարգավորվի օրենքով: Հավելենք, որ կինոյի մասին օրենքի նախագիծը մշակման փուլում է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ